ՏՆՏԵՍՈՒՀԻ՛, ՔԵԶ ՀԱՄԱՐ. ԳՈՒՆԱՎՈՐ ՈՍՊԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ՈՍՊՈՎ ՇԻԼԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Է ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ոսպը շատ օգտակար է եւ խորհուրդ է տրվում տարեկան օգտագործել 2-3 կիլոգրամ, բայց ոչ ավելի հաճախ, քան շաբաթը 2 անգամ:
*Բժշկության մեջ հիմնականում օգտագործում են ոսպի սերմերը:
*Իմացեք, որ հայկական բժշկության մեջ ոսպն օգտագործել են կերակրափողի խոցերի, հազի, աչքի, ականջի բորբոքումների, աչքի սպիտակափառության, զարկերակային արյան ճնշման բարձրացման, մաշկային ցաների, նշիկների բորբոքումների, ոսկրացավի, լյարդի հիվանդությունների, բարորակ եւ չարորակ ուռուցքների, մարսողական ուղու բորբոքումների, լույծի բուժման համար:
Օրգանիզմը բավարար քանակի արժեքավոր ամինաթթուներով հագեցած սպիտակուց եւ նվազ քանակով ճարպեր կստանա, եթե մսի կոտլետի մեջ ավելացնեք նաեւ ոսպ: Խորհուրդ չի տրվում ուտել հացի, կարտոֆիլի, ընկույզի հետ:
*Ոսպը դիետիկ մթերք է, հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով։ Պարունակում է E, B, PP, կարոտին, ֆոսֆոր, կալցիում, կալիում, պղինձ, բոր, նիկել, խրոմ, յոդ, ցինկ, մանգան, մոլիբդեն, նաև օմեգա 3 և Օմեգա 6։
*Ոսպը դյուրամարս սպիտակուցի աղբյուր է, նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը, մեղմում սովի զգացումը։ *Ոսպը հարուստ է մագնեզիումով, կալիումով, որ կենսական են սրտի, նյարդային համակարգի համար։
*Ընդունված է համարել, որ եթե ոսպը համադրվի շագանակագույն բրնձի հետ, ապա արդյունքում կստացվի նույն որակի սպիտակուց, ինչ կարմիր մսի դեպքում։
*Ոսպը հարուստ է բջջանյութով, ինչն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, բարելավում է մարսողությունը։
*Երկաթը նպաստում է արյունաստեղծմանը, օգնում է հաղթահարել հոգնածությունը։
*Ոսպը խրախուսելի է ուտել հղիության ընթացքում. ֆոլիկաթթվի պարունակության շնորհիվ նպաստում է պտղի զարգացմանը։
*Սպիտակուցի բարձր պարունակության շնորհիվ ոսպն օգտակար է մկանների ձևավորման, ամրացման համար։
*Բուսական սպիտակուցն օրգանիզմին հաղորդում է էներգիա, դրական տրամադրություն, օգնում հաղթահարել նյարդային խնդիրները։
*Կարմիր ոսպը բարելավում է իմունային համակարգը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ունի հակաօքսիդանտ հատկություն, չեզոքացնում է ազատ ռադիկալներին, նվազեցնում է շաքարի մակարդակը։ Օգտակար է փորկապության, դիարեայի դեպքում, ամրացնում է անոթները։ Կարմիր ոսպը կարող է խնդիրներ առաջացնել անհատական անտանելիության, քարային հիվանդությունների, ստամոքսի խոցի, հոդատապի դեպքում։
*Կանաչ ոսպի բարձր պարունակության սպիտակուցը հեշտորեն յուացվում է, պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ։ B խմբի վիտամինների շնորհիվ բարելավում է իմունային համակարգը, նպաստում մկանների ձևավորմանը, ամրացմանը, դրական է ազդում նյարդային համակարգի աշխատանքին։ Չարաշահել պետք չէ՝ խուսափելու համար որովայնում անհարմարության զգացման առաջացումից։
*Դեղին ոսպը համեմատաբար արագ է եփվում, օգտակար է սակավարյունության, սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, բարելավում է իմունային համակարգը, ամրացնում է ոսկորները, նպաստում է եղունգների, մազերի առողջացմանը, բջջանյութի շնորհիվ բարելավում է մարսողությունը, օրգանիզմը հարստացնում սպիտակուցով, անհրաժեշտ ամինաթթուներով։ Չարաշահման դեպքում կարող են առաջանալ մետեորիզմ, հաստ աղիքի բորբոքում, սրացումներ՝ ստամոքսի խոցի դեպքում։
Շագանակագույն ոսպը օգտակար է նյարդային խանգարումների, շաքարային դիաբետի դեպքում։ Հարստացնում է օրգանիզմը սպիտակուցով, վիտամիններով, միներալներով։
*Ոսպը, ըստ դիետոլոգների տարբեր ուսումնասիրությունների՝ մտնում է այն մթերքների ցանկի մեջ, որոնք օգնում են մարդուն խուսափելու դեպրեսիաներից, սթրեսներից եւ նպաստում են երկարակեցությանը: Այդ մթերքների մեջ, բացի ոսպից, մտնում են նաեւ ցորենի հացը, բրինձը, կարմիր լոբին, կարմիր կծու պղպեղը, սխտորը, կիտրոնը, ավոկադոյի եւ սառը զտման ձիթապտղի յուղերը, կաթնաշոռը՝ մեղրի հետ, մածունը եւ այլն:
*Ոսպով շիլան խթանում է նյութափոխանակությունը, բարձրացնում դիմադրողականությունը եւ կարգավորում միզասեռական համակարգը: Այն հրաշալի աղբյուր է տրիպտոֆան ամինաթթվի, որը մարդու օրգանիզմում ստացվում է սերոտոնին: Այն պատկանում է մարդու օրգանիզմի կենսաբանական ակտիվ նյութերի թվին, արտադրվում է գլխուղեղի կողմից եւ հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ։ Այն արթնացնում ու պահում է մարդկանց մեջ ապրելու զգացումը, նաեւ՝ ակտիվ կենսակերպ վարելու, ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու, շփվելու, սիրելու եւ այլ ձգտումները։ Կանանց մոտ սերոտոնինն ավելի քիչ է արտադրվում, քան՝ տղամարդկանց։ Այդ իսկ պատճառով էլ կանայք ավելի պասիվ են եւ ավելի քիչ ինքնավստահ։ Եվ հենց նույն պատճառով էլ կանայք ավելի հաճախ են տագնապում, տխրում, միայնակության զգացում ապրում, տանջվում մեղքի զգացողությունից եւ այլն։ Նույն պատճառով էլ աշնանային սեզոնային փոփոխությունների ազդեցությանն ավելի հակված են կանայք։
*Ոսպի որոշ տեսակներ, օրինակ՝ կանաչավուն ափսեանման ոսպը, օրը 2 անգամ խորհուրդ է տրվում օգտագործել դիաբետիկներին` արյան մեջ շաքարը իջեցնելու համար: Հնում մարդիկ համոզված էին, որ ոսպը օգնում է նյարդային խանգարումները բուժելիս:
*Ոսպը, որքան էլ որ օգտակար է, ունի նաեւ հակացուցումներ: Ցուցված չէ ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրների, մետեորիզմի, հոդատապի դեպքում։
*Չի՛ կարելի այն օգտագործել հոդատապի` պոդագրայի դեպքում, երիկամների միզաթթվային դիաթեզի, միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում: Նաեւ ցանկալի չէ օգտագործել աղեստամոքսային տրակտի, ենթաստամոքսային գեղձի, սիրտ-անոթային համակարգի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում: Ուստի, եթե որեւէ հիվանդություն ունեք, ցանկալի է սննդակարգի ընտրության հարցում խորհրդակցել բժշկի հետ:
Չարաշահման դեպքում հնարավոր է առաջանան երիկամների խնդիրներ, ստամոքսի, մարսողության խանգարում։

